Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում օրերս նշվեց գիտնական, գրող, հայագետ ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆԻ 70 -ամյակը: Վերջերս լույս տեսած «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» մենագրությունը Ասատուր Փաշայանի 11-րդ գիրքն է: «Իրատես de facto»-ի հետ զրույցում նա նշեց, որ գրքում կան նոր, չբացահայտված էջեր. «Որպես օրինակ` Վենետիկում Ավետիք Իսահակյանի հետ Վերֆելի հանդիպման մասին քչերը գիտեն: Ես ներկայացրել եմ, իհարկե, հիմք ընդունելով Վիգեն Իսահակյանի հուշագրությունը: Վերֆելը շաբաթներ շարունակ տեղեկություններ է ստացել Վարպետից հայ ժողովրդի պատմության մասին: Հետագայում, Իսահակյանը մեծ ճիգեր է թափել, որ «Մուսա լեռան քառասուն օրը» տպագրվի Հայաստանում: Բայց նրա խնդրանքը մնացել է անպատասխան` հասկանալի պատճառներով: Այդ տարիներին չէր խրախուսվում նման գրքերի տպագրումը: Իսահակյանի մահից յոթ տարի անց, 1964-ին նոր միայն Պարույր Միքայելյանի թարգմանությամբ տպագրվեց «Մուսա լեռան 40 օրը»:
Ասատուր Փաշայանի նորընծա գիրքն առաջին մենագրությունն է` Վերֆելի գրքի գրական վերլուծության հարուստ ցանկով: «Մատենագիտական շուրջ 500 հղման հենքի վրա գիտական շրջանառության մեջ են դրվել և համակողմանի քննվել բազում արժեքավոր փաստեր՝ վկայություններ, խորհրդանշական գաղափարներ,-ասում է գրքի խմբագիր, գրականագետ, գրաքննադատ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ: -Գիրքը գրված է մեծագույն սիրով: Դրա համար կան խոր պատճառներ: Պատիվ եմ ունեցել լինելու այս գրքի խմբագիրը»: Ընթերցողին աշխատությունը հասցնելու համար պահանջվել է երեք տարի, թեև հեղինակը նշում է, որ մուսալեռցու զավակ է, և, իրականում, այն տարիների կուտակումների արդյունք է:
«Հայաստանի հանրագիտարանի» գլխավոր խմբագիր, տնօրեն ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆԸ Փաշայանների հայրենադարձ գերդաստանի ամենամոտ մարդկանցից է, ճանաչել է նրանց 1962-ից: Պատմեց, որ հրաշալի վերելք սկսվեց 1965-ին, Ասատուր Փաշայանի հայրը` Ալեքսանդր Փաշայանը, ազգային հերոսի կարգավիճակում էր: Նա կարողացել է հավաքել հերոսամարտին մասնակից պապիկներին, նրանք բարձր բեմերում (գրողների միություն, «Արամ Խաչատրյան» համերգասրահ , ԵՊՀ) պատմել են հերոսամարտի մասին:
«Այդ տարիներին շատերը չգիտեին, թե ինչ ասել է Մուսա լեռան 40 օր, ինչ ասել է հերոսամարտ,- նշեց Հ. Այվազյանը:- Փաշայանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ արդեն ծանոթ էին այդ պատմություններին: Ես հասկանում էի, որ այստեղ պատմությունն է խոսում, այստեղ պատմություն դարձած մարդիկ են ու ես նրանց հետ եմ շփվում»:
Ասատուր Փաշայանին նվիրված ցերեկույթին ներկա էին գրողներ, գրականագետներ, հոբելյարի հարազատներն ու ընկերները: Ասատուր Փաշայանին Ցեղասպանության թանգարան -ինստիտուտը շնորհեց «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ: Գրողն ասաց, որ եթե այս պահին կյանքը ավարտվի, ցավ չէ իր համար, քանի որ այդ հուշամեդալը գրպանում է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ